Իսրայելի կառավարությունը մտադիր է սահմանափակումներ կիրառել դրսից ստացվող դրաամաշնորհների չափի վրա: Ընդ որում, սահմանափակումները կվերաբերեն քաղաքականությամբ զբաղվող ոչ առեւտրային կազմակերպություններին:

Օրենսդրության հարցերով կառավարական հանձնաժողովը, նոյեմբերի 13-ին հավանություն է տվել օրինագծին, որով սահմանափակվում է ոչ առեւտրային կազմակերպությունների` դրսից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը: Նոր օրենքն ուժի մեջ մտնելու համար, այն պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կառավարության ներկայացուցիչ Մարք Ռեգեւը նշել է, որ ըստ այդմ, այդ կազմակերպությունների` դրսից ստացվող գրանտների չափը չպետք է գերազանցի տարեկան 5200 դոլարը: Խոսքը, մասնավորապես, այլ երկրների կառավարությունների, ՄԱԿ-ի, Եվրամիության կողմից ստացվող գրանտների մասին է:

Իսրայելի իրավապաշտպաններն այդ միջոցառումները համարել են ընդդիմադիր տրամադրություններ ունեցող իրենց հակառակորդներին ճնշելու փորձ: