Ազգային ժողովն այսօր` նոյեմբերի 14-ին, սկսեց իր քառօրյան, որի ժամանակ ակնկալվում է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարությունը:
Գրանցվել է 94 պատգամավոր: Հատկանշական է, որ նիստին ներկայացրել էր նույնիսկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ում շատ հաճախ չեն տեսնում խորհրդարանի նիստերին:
Հովիկ Աբրահամյանը նախ ներկայացրեց օրակարգը, դրանում ընդգրկված հարցերը՝ ըստ ընթացակարգի:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրակարգում լրացումներ անելու նախագծին, քանի որ դրանում ընդգրկված են հայ-թուրքական արձանագրությունները: «Վերջապես ԱԺ-ն համարձակություն ունենալո՞ւ է փակել այդ արձանագրությունները»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր մոտեցումները չեն փոխվել: «Դա քառօրյայից հանված է: Դա նախագահի լիազորությունների շրջանակներում է, եւ ճիշտ ժամանակին կտա լուծում»,- նշեց նա:
«Արձանագրությունները, ինչպես ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որեւէ լուրջ օգուտ չտվեցին, միայն վտանգներ հարուցեցին մեր շահերի համար: Մեր ընդդիմախոսները միայն հակազդում են, թե միջազգային հանրությունը Հայաստանին գովում է կառուցողական դիրքորոշման համար: Սա չափազանց խոցելի դիրքորոշում է: «Ժառանգության» անունից կոչ եմ անում՝ դիմել նախագահին արձանագրություններից հրաժարվելու եւ ստորագրությունը ետ կանչելու համար»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի նոյեմբերի 14-17-ի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 111 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Այս պահին դրությամբ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարությունը դեռ չի հնչել:



























