Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված, աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ մի քանի աշխատակիցներ:
NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից հեռանալու դիմում գրողների շարքում են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց իր հրաժարականի մասին:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Լիովին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի, կուսակցության, նախագահի առջեւ, ներկայացնում եմ հրաժարականի իմ դիմումը:
Դուք արդեն գիտեք, որ ես գլխավորելու եմ շտաբը, եւ արդեն հայտարարել եմ, որ վաղաժամ վայր եմ դնելու լիազորությունները: Մեր երկիրը մտնում է հերթական ընտրությունների փուլ, ընտրություններ, որոնց բարձր մակարդակով անցկացնելը բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների պատվի գործն է»:



























