Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի  33-րդ կիլոմետրին, այսօր` նոյեմբերի 14-ի առավոտյան, ժայռի քարաթափում է տեղի ունեցել: Տարբեր մեծության ժայռաբեկորներն ընկել են ավտոճանապարհի վրա:

Ժայռը մեջտեղի մասից խոշոր ճաք է տվել եւ անգամ մեկ ավտոմեքենայի արագ անցնելու դեպքում, փոքր ճնշումից ժայռից կարող են ժայռաբեկորներ պոկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լոռիի մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:

Նա նաեւ նշել է, որ շտապ անհրաժեշտ են լեռնային մասնագետների ուսումնասիրություններ, ովքեր կտան համապատասխան եզրակացություն: Անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, միջպետական նշանակություն ունեցող ճանապարհը, նաեւ երթեւեկելի հատվածի բոլոր մեքենաները կհայտնվեն ժայռաբեկորների տակ:

Նա խորհուրդ է տվել հնարավորինս քիչ օգտվել տվյալ ավտոճանապարհից: