Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները եկել են ընդհանուր հայտարարի, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենքի ստեղծման: Գոնոլուլուում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա տեղեկացրել է, որ մտադիր է մի քանի շաբաթվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների հետ, հաղորդում է RBK-ն:
Ստեղծված իրավիճակի լուծման առավել ընդունելի տարբերակն Օբաման համարում է դիվանագիտական ուղին, սակայն այլ տարբերակները եւս նա ամբողջությամբ չի բացառել:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն արդյունավետ են, որը հաստատում է ԱՄՆ հետախուզությունը:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը սրվել է, երբ ԱԷՄԳ-ն (МАГАТЭ) հրապարակել է իր զեկույցը, որի համաձայն, Թեհրանը շատ է մոտեցել միջուկային զենք ստեղծելուն: Զեկույցի հիման վրա, ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատրաստակամություն են հայտնել մեծացնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:




























