Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր` նոյեմբերի 14-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է իր հրաժարականի մասին, այդ հայտարարությունից անմիջապես հետո, արագորեն լքել է խորհրդարանի շենքը: Նա չի մեկնաբանել իր հրաժարականը, թեեւ լրագրողները սպասում էին, որ նա կզրուցի իրենց հետ, մեկնաբանելով իր քայլը:

Մեկնաբանություններից զերծ են մնացել նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ով համարվում է ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն, ինչպես նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով համարվում է ԱԺ փոխնախագահի հավանական թեկնածու:ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր կմնա, երբ ԱԺ նախագահ ընտվի Սամվել Նիկոյանը:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված, աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել նաեւ ԱԺ մի քանի աշխատակիցներ:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից հեռանալու դիմում գրողների շարքում են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց իր հրաժարականի մասին:Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Լիովին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի, կուսակցության, նախագահի առջեւ, ներկայացնում եմ հրաժարականի իմ դիմումը:Դուք արդեն գիտեք, որ ես գլխավորելու եմ շտաբը, եւ արդեն հայտարարել եմ, որ վաղաժամ վայր եմ դնելու լիազորությունները: Մեր երկիրը մտնում է հերթական ընտրությունների փուլ, ընտրություններ, որոնց բարձր մակարդակով անցկացնելը բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների պատվի գործն է»: