«Նորվեգացի հրաձիգ»-ահաբեկչ Անդրես Բրեյվիկը վախենում է, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն հենց դատարանի դահլիճում: Այս մասին հայտնել է Բրեյվիկի փաստաբան Գեյր Լիպեստադը TV2-ին տված հարցազրույցում: Ըստ նրա` հրաձիգը կասկածում է, որ դատարանի դահլիճից ողջ-առողջ դուրս կգա, բայց, դրա հետ մեկտեղ,  «վախի նշաններ ցույց չի տալիս»:

Հիշեցնենք, որ Բրեյվիկի կալանքի ժամկետի երկարացման հարցով դատական նիստը կկայանա Օսլոյում, այսօր` նոյեմբերի 14-ին: Գերագույն դատարանը  վճռել է, որ նիստը բաց կանցկացվի եւ Բրեյվիկն անձամբ  ներկա կգտնվի  դատարանում ու ցուցմունք կտա, թեեւ առաջին ատյանի դատարանը որոշել էր,  որ մեղադրյալը պետք է ցուցմունք տա տեսակապով` իր բանտախցից:

Սպասվում է, որ դատավարությանը ներկա կլինի մոտ 600 մարդ, այդ թվում` ահաբեկչության զոհերի հարազատներ, հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Նորվեգիայում հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացվել: Սկզբում Օսլոյի կառավարական շենքի մոտ` վարչապետի գրասենյակի դիմաց,  պայթյուն էր որոտացել, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը Ութոյա կղզում` Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու, կրակոցներ էր արձակել իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի դեռահասների վրա:  Ողբերգության զոհ էր դարձել 77 մարդ:

Ահաբեկիչը 32-ամյա Անդրես Բերինգ Բրեյվիկն էր: Դատարանում նա հայտարարել էր, որ փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ Բրեյվիկը գրել եւ համացանցում հրապարակել էր  «2083. Եվրոպայի անկախության հռչակագիրը» մանիֆեստը:  Դրանում ահաբեկիչը քննադատում է բազմամշակութայնությունը եւ ոչ եվրոպացիներին Եվրոպայից վտարելու մանրամասն ծրագիր ներկայացնում: Նա մանիֆեստում նաեւ նշում է, որ կողմնակիցների 8000 էլետրոնային հասցեներ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից: