Ազգային Ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը խորհրդարանի փոխնախագահ դառնալու հավակնություններ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե իր անունն էլ նշվում է որպես հավանական թեկնածու, Համլետ Հարությունյանն ասել է. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ չեն առաջարկի ինձ»: «Որովհետեւ պաշտոնների նկատմամբ միշտ անտարբեր եմ եղել: Մասնագիտությունս էնպիսին է եղել, երկար տարիներ դասախոս եմ եղել, որ այդ բաները չունեմ: Այնքան արժանի թեկնածուներ կան»,- նշեց նա:

Իսկ հարցին, թե ո՞ւմ է տեսնում խորհրդարանի նոր նախագահի պաշտոնում, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Դա ՀՀԿ-ի տեղն է եւ մեր կուսակցության ներսում բավական արժանի մարդիկ կան: Կարծում եմ` խորհուրդը, կուսակցության ղեկավարությունը ում առաջարկեն, նա էլ կլինի: Մարդիկ շատ են, պաշտոններն են քիչ»:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ԱԺ նախագահ է դառնալու փոխնախագահ Սամվել Նիկոյանը, իսկ որպես հնարավոր փոխնախագահներ նշվում էր Համլետ Հարությունյանի, Ռազմիկ Զոհրաբյանի անունները, թեեւ ամենահավանական թեկնածու է համարվում Հերմինե Նաղդալյանը: