«Արեւելյան գործընկերություն» նախագիծը Մոսկվայում որպես հակառուսական  չի դիտվում: Այս մասին, նոյեմբերի 14-ին, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է  Սեւծովյան և կասպիցծովյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Քաղաքագետը նշել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, իբր «Արեւելյան գործընկերությունը» Ռուսաստանում դիտվում է որպես հակառուսական նախագիծ.  «Ամեն դեպքում, ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություններ են արվել, որ ոչ մի առարկություն չկա, եւ հետխորհրդային պետություններն իրավունք ունեն բազմակողմ քաղաքականություն վարելու, այնպես, ինչպես Ռուսաստանն է անում. այն մի քանի ուղղությամբ համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ»:

Այլ հարց է` որքանով է այդ նախագիծը հեռանկարային եւ արդյոք այն խոստումներն ու կանխավճարները, որ տրվում են դրա շրջանակներում, կվերածվե՞ն ինչ-որ կոնկրետ տնտեսական եւ ենթակառուցվածքային ծրագրերի:

ԵՄ-ն Հարավային Կովկասում իր տնտեսական շահերն է հետապնդում, ինչը, Արեշեւի խոսքով, վատ չէ, քանի որ հույս կա, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապակայունացումը եվրոպացիների շահերից եւս չի բխում, հատկապես` Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի պայմաններում:

Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից ստեղծված  «Արեւելյան գործընկերություն»  նախագիծը նախատեսում  ԵՄ քաղաքական եւ տնտեսական սերտացում հետխորհրդային տարածքի վեց երկրների հետ` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելառուս: