Քիմ Քարդաշյանը իր նախկին PR  գործակալ Ջոնաթան Ջաքսոնի դեմ դատական գործընթացի համար Հոլիվուդում հայտնի փաստաբանի է վարձել: Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, Ջաքսոնը Քարդաշյանի 72-օրյա ամուսնությունը  ֆարս էր անվանել: Նա անցած շաբաթ հայտարարել էր, թե Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի ամուսնությունը պլանավորված էր:

«Հարսանիքից դեռ երկու շաբաթ առաջ նա գիտեր, որ դա այն չէ, ինչ կուզենար: Սակայն, ցավոք, նրանք պետք է պահպանեին հեռտուստատեսության աշխատակիցների հետ պայմանագրի պայմանները: Հակառակ դեպքում նրանք հսկայական փողեր պետք է ծախսեին»,-իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում աաել է Ջաքսոնը:

Քարդաշյանը որպես բարոյական վնասի փոխհատուցում  պահանջում է 200,000 դոլար` հայտարարելով, որ Ջաքսոնը խախտել է գաղտնիության մասին համաձայնագիրը: Իր հերթին Ջաքսոնը պնդում է, որ իր եւ Քարդաշյանի միջեւ ոչ մի նման համաձայնագիր չի եղել:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել օգոստոսին:  Արարողությունը լայնորեն լուսաբանվել էր E! հեռուստաալիքով: Սակայն հարսանիքից 72 օր անց Քարդաշյանն ամուսնալուծության հայտ էր ներկայացրել`  որոշումը բացատրելով «անհաղթահարելի տարաձայնություններով»: