«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մեկնաբանում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, նաեւ չունի նախընտրելի թեկնածու այդ պաշտոնի համար:

Ազգային Ժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը NEWS.am-ին հայտնեց, որ համաձայն գործող կոալիցիոն համաձայնության` Հայաստանի ԱԺ նախագահի թեկնածությունը առաջադրվելու է կոալիցիոն գործընկեր Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից: «Իսկ թե ով կփոխարինի Հովիկ Աբրահամյանին արդեն ՀՀԿ ի որոշելիք հարցն է: Այս հարցում մեր գործընկերների ընդունած ցանկացած որոշում ընդունելի է ինձ համար»,- նշեց Բալասանյանը:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր հերթին նկատեց. «Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել Հանրապետական կուսակցության լուծելիք տիրույթում գտնվող հարցերը եւ քանի որ այդ քվոտան պատկանում է ՀՀԿ-ին, բացառապես իրենք են իրավասու որոշելու, թե իրենց համար ով է առավել համապատասխանում ԱԺ նախագահի պաշտոնում»:

Նշենք, որ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նոյեմբերի 14-ին, կայացած նիստում հրաժարական է ներկայացրել իր պաշտոնից: Նա ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը: