Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը հարսին փողոց է նետել, երեխային խլելով նրանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է պաշտոնյայի արդեն նախկին հարսը` Շողիկ Մարգարյանը:
«Երեխայիս խլել են ինձանից եւ անգամ նրա հետ տեսակցել թույլ չեն տալիս, նա օգտագործում է պաշտոնական իր դիրքը, բոլորը նրա գործընկերներն են եւ պաշտպանում են Ալբերտ Մարգարյանին»,-ասել է է նա:
Շաղիկ Մարգարյանն ամուսնացել է Ալբերտ Մարգարյանի որդու՝ Արտակ Մարգարյանի հետ 2007թ-ին, 2008-ին ծնվել է նրանց որդին, իսկ 2011-ից նրանց ընտաիքում անախորժություններ են առաջացել, ինչից հետո սկեսրայրը փողոց է նետել Շողիկին ու արգելել երեխայի հետ տեսակցել: Շողիկ Մարգարյանը դիմել է դատարան: Դատարանը վճռել է երեխային հանձնել մորը: «Սակայն նա անգամ դատարանի վճռին չի ենթարկվում: Երեխայիս հետ տեսակցությունն էլ է արգելում: Ասում են ես գիժ եմ ու սպառնում են, որ եթե շատ երկարացնեմ, այնպես կանեն, որ հայտնվեմ հոգեբուժարանում»,-ասել է կինը:
Շողիկ Մարգարյանի խոսքով, փորձել են շահարկել այն փաստը, որ ինքը նեւրոզով հիվանդացել է ու ծննդաբերությունից հետո բուժվել: «Դատարանում վկայություն տվեցին, որ ես հոգեկան եմ ու պատկերացնում եք անգամ քնած ժամանակ նկարել էին ինձ, երբ վեր եմ թռել քնիցս ու փորձում էին դատարանում ապացուցել, թե ես հոգեկան եմ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շողիկը:
Դատարանը մասնագետների հետ փորձաքննություն է անցկացրել ու պարզել, որ Շողիկ Մարգարյանը լիարժեք առողջ է ու ելնելով երեխայի ապահովությոնից ու շահերից, նրան պետք է հանձնել մորը, սակայն շինարարության վարչության պետ սկեսրայրը, ըստ Շողիկի, օգտագործում է բոլոր իր կապերն ու մտերմությունները, որպեսզի երեխային չհանձնի իրեն:
«Քաղաքապետարանի հոգաբարձուների ու երեխաների խնամքով զբաղվող մասնագետ Թերեզա Գրիգորյանն անգամ իմ նամակին չպատասխանեց, նա ինձ անգամ տեսնել չուզեց, իսկ մարզպետարանի երեխաների խնամքի վարչության մասնագետը Ալբերտ Մարգարյանի կոլեգա Լուսինե Գինոսյանը դատարանում խոսում էր, թե ճիշտ կլինի երեխային հանձնել հորը, որը ֆինանսով ավելի ապահովված է»,-ասել է Շողիկ Մարգարյանը:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, երեխայի հայրը՝ Արտակ Մարգարյանը, անգամ հանրապետությունում չէ, նա այժմ արտերկիր է մեկնել, իսկ 3 տարեկան երեխայի խնամքով զբաղվում է Ալբերտ Մարգարյանը՝ կնոջ հետ միասին:



























