Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Ալեքսանդր Լուժկովի տղան վաճառել է Մոսկվայի  իր գովազդային բիզնեսը:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», նա «Գետ եւ արեւ» ընկերության (բաժնետոմսերի 100%-ը)  եւ «Բազիս-մեդիայի» (բաժնետոմսերի 47,5%-ը) գովազդային ակտիվները վաճառել է News Outdoor խմբին, որը վերջին ժամանակներս կառավարում են ՎՏԲ պետական բանկը եւ «Ալֆա-Գրուպը»:

News Outdoor թերթին մոտ կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ գործարքը «փողային է եղել»,  Ալեքսանդր Լուժկովի վաճառած ակտիվները 20 մլն դոլարից ավելի են գնահատվում: Բայց գործարքի գինը կարող էր ավելի ցածր լինել, քանի որ ընկերությանը վաճառված գովազդային կոնստրուկցիաների Էքսպլուատացիայի պայմանագրերի մեծամասնությունը ավարտվում է հաջորդ տարվա մարտ-օգոստոսին: Այս ժամկետը լրանալուց հետո,  ինչպես սահմանված է «Գովազդի մասին» օրենքով, վահանակները աճուրդի կհանվեն:

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը` Ելենա Բատուրինան, վաճառել է իր հիմնական` շինարարական բիզնեսը: «Ինտեկո» հոլդինգը վաճառվել է 1.2 մլրդ դոլարով, չհաշված ընկերության պարտքը, որն այդ ժամանակ կազմում էր մեկ միլիարդ դոլար:  Շինարարական ընկերության նոր սեփականատերեր են դարձել «Բինբանկի» տնօրեն Միխայիլ Շիշխանովը եւ ռուսական խոշորագույն ֆինանսական կազմակերպությունը` «Սբերբանկը»: