Ամերիկահայերը միացել են խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպաններին եւ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ են անում վերջ դնել երկու շաբաթից ավելի շարունակվող պաշտոնական լռությանը` կապված հոկտեմբերի 28-ին թուրքական իշխանության կողմից երկար ժամանակ հետապնդվող Ռագիփ Զարաքոլուի ձերբակալման փաստի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Ռագիփ Զարաքոլուն զուտ խոսքի ազատության սկզբունքներին հավատարիմ մնալու համար թուրքական բանտում է հայտնվել` առանց ամերիկյան պետդեպարտամենտի կողմից հնչած որեւէ դատապարտող ելույթի», - ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանն ու հավելել. «Ամոթ է: Օբամայի վարչակազմի ղեկավարները, որոնք ակնհայտորեն ցույց են տվել, որ իրենց տղամարդկությունը չի հերիքում կատարել սեփական պարտականությունները, ազնվորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, այժմ էլ, թվում է, չեն ցանկանոմ խոսել նույնիսկ այն դեպքում, երբ Ռագիփ Զարաքոլուի նմանները քաջություն են ցուցաբերում եւ դատական հետապնդման եւ արտաքսման վտանգը հաշվի չառնելով  ճշմարտությունն են առաջ տանում»:

Հանձնախմբի կայքի միջոցով ակտիվիստները կարող են Պետքարտուղար Քլինթոնին Թուրքիայի կողմից Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունը  դատապարտելու, ինչպես նաեւ քրդական համայնքի ղեկավարների նկատմամբ ճնշումները դադարեցնելու կոչ անել:

Նամակում ասվում է. «Պետդեպարտամենտի ամոթալի հանդուրժողականության դարավոր պատմությունը թուրք հասարակության առավել անհանդուրժող տարրերի հանդեպ, որքան ցավագին ցույց է տալիս ամբողջ աշխարհին  «խաբեության կանոնը», որը մեր երկրի ղեկավարները Անկարային թույլ տվեցին դնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»: դրանում նաեւ հստակ դատապարտվում է «Պետքարտուղարության լուռ աջակցությունը թուրքական կառավարության  կողմից  փոքրամասնությունների հանդեպ կիրառվող հետապնդումների հարցում, որոնք, իրենց կյանքն ու ազատությունը վտանգելով, ձգտում են համակարգում էական փոփոխությունների  հասնել»: