Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը Պետդումայի օրակարգ է մտցրել հայտարարության տեքստ, որով ռուսաստանցի տուրիստներին խորհուրդ է տրվում հանգստի չմեկնել Թուրքիա:
Դրանում ասված է, որ Թուրքիան «ռուս տուրիստների կյանքին, առողջությանը եւ ունեցվածքին վնաս հասցնելու բարձր ռիսկայնություն ունեցող» երկիր է:
Նախագծի նախաձեռնողները հիշեցնում են ռուս տուրիստների հետ պատահած բոլոր միջադեպերը, այդ թվում այն դեպքերը, որոնք թուրքական ծովափերում հանգեցրել են տուրիստների մահվան:
ՌԼԴԿ-ում համարում են, որ Պետդուման պետք է միջոցներ ձեռնարկի, արտերկրներում իր քաղաքացի տուրիստների անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում կազմի այն երկրների ցանկը, որոնք վտանգավոր են ռուս զբոսաշրջիկների համար:
Նախատեսվում է նաեւ ուժեղացնել ռուսական տուրօպերատորների իրավական պատասխանատվությունը, հաղորդում է Infox-ը:
Թուրքիայում այս տարվա 8 ամիսներին մահացել է 43 ռուս տուրիստ, իսկ 167-ը վթարի են ենթարկվել:
Մեծ արձագանք է ստացել Թուրքիայի Բոդրում քաղաքի հանգստավայրերից մեկում ալկոհոլային խմիչքից ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորման դեպքը: Այդուհանդերձ, Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար մնում է հանգստի մեկնելու ամենատարածված ուղղությունը:




























