Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ոչնչացնել ԱՄՆ-ին կես ժամվա ընթացքում եւ ստացել է Կոնֆուցիոսի անվան խաղաղության մրցանակը:

Grani.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, հաղորդում է, որ Խաղաղության ուսումնասիրման միջազգային կենտրոնի զեկուցման համաձայն, որը ղեկավարում է չինացի բանաստեղծ Ցյաո Դամոն, Պուտինին մրցանակ են շնորհել, մասնավորապես, այն բանի համար, որ նա «շատ բան է արել Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման եւ քաղաքական կարգավիճակի բարձրացման համար»:

BBC Russian-ը նշում է, որ ՌԴ վարչապետը արժանացել է մրցանակի «մոլորակի խաղաղության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար»:

Ժյուրիի անդամներից մեկի խոսքով, Պուտինը «հետեւողականորեն դեմ է հանդես եկել Լիբիայի ռմբակոծումներին, երբ այնտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում»: Միաժամանակ, «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով The Wall Street Journal-ը, հիշեցնում է, որ չինական խաղաղության մրցանակը Պուտինին է հանձնվել, երբ վերջինս «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանն ունակ է ոչնչացնել ԱՄՆ-ին կես ժամվա ընթացքում»:

Բացի Պուտինից, Կոնֆուցիոսի խաղաղության մրցանակի հավակնորդների թվում են եղել Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Տիբեթի բուդդիզմի առաջնորդներից Պանչեն-լաման, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Մրցանակի հանձնման արարողությունը Պեկինում կկայանա դեկտեմբերի 9-ին: