Բացառված չէ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի վաղվա նիստում քննարկվի ՀՀԿ-ի վերադասավորումների հարցը: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է ՀՀԿ-ի` խորհրդարանի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` նշելով, որ ինքը ծանոթ չէ նիստի օրակարգին:
Այդուհանդերձ, Ալեքսանյանը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականները չի կարելի ընդունել որպես հեռացումներ, քանի որ հիմնական ուժերը տեղափոխվելու են ՀՀԿ-ը:
«Ես չեմ բացառում, որ ընտրությունների ընթացքում եւ նախընտրական շրջանում ՀՀԿ-ում տեղի կունենան նոր վերադասավորումներ»,-նշել է Ալեքսանյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով, կարիք չկա ուշադրություն դարձնել ՀՀԿ-ում տեղի ունեցող վերադասավորումներին. «Քանի դեռ այդ վերադասավորումները ոչինչ չեն փոխում մեր կյանքում, դրանք կարելի է համարել երկրորդական: Քաղաքական կամքն այն է, որ եթե տղամարդը, լինի դա նախագահը, թե վարչապետը ինչ որ բան է ասում, ապա պետք կատարի իր խոստումը: Մեզ մոտ խոսքն ու գործը չեն համընկնում»:



























