Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է նոյեմբերի 25-ին կայանալիք իր հանրահավաքին եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում դիմել նստացույցի կամ շուրջօրյա հանրահավաքի: Այս մասին, այսօր` նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«ՀԱԿ-ը նախապատրաստական աշխատանքեր է տանում արտահերթ ընտրությունների հասնելու համար, քանի որ չի բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը»,-ընդգծեց Վ. Խաչատրյանը: Նրա գնահատմամբ, եթե ԱԺ նախագահը հրաժարական է տալիս դա արտահերթ ընտրություններ են նշանակում։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀԱԿ ակտիվիստների կողմից իրազեկման թռուցիկները պատերին փակցնելու հանգամանքը, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Վատ եմ վերաբերում, բայց քանի որ քաղաքային իշխանությունները չկատարելով իրենց պարտականությունները թռուցիկները փակցնելու համար հատուկ վայր չեն հատկացրել, ապա ստիպված են գնալ այդ քայլին»:



























