Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին նվիրել է հայ արձակի դասական Ալեքսանդր Շիրվանզադեի գիրքը, որում  կա «Ակոյի տոնածառը» պատմվածքը: Ստեղծագործության հերոսը նախահեղափոխական Հայաստանի գործարանի չունեւոր բանվոր է, որն իր որդու մի քանի տարվա երազանքը` ամանորյա տոնածառը գնելու համար վաճառում է գործարանի հաստոցներից մեկը: Մի քանի օրից, տեսնելով, որ իր փոխարեն անմեղ մարդու են ուզում մեղադրել, նա խոստովանում է եւ զրկվում աշխատանքից: Մի քանի օր անց նա ինքնասպան է լինում:

«Վարչապետի ողբերգությունը նրա ինտելեկտի եւ համատարած աղքատության հակադրությունն է: Նրա գաղափարները հասանելի չեն այն մարդկանց, որոնց ուժը հազիվ բավարարում է օրվա հացը վաստակելու մասին մտածելու համար»,- ասել է Վ. Դալլաքյանը:

Ամեն դեպքում, չնայած որ ոմանք սպասում են նրա գնալուն, Դալլաքյանը, «զուտ մարդկայնորեն» ցանկանում է, որ նա մնա: «Վարչապետը պաշտոնավարել է հետպատերազմյան Հայաստանի բարդագույն ժամանակաշրջաններից մեկում: Նա պաշտոնի է անցել 2008թ. ապրիլին` մարտիմեկյան դեպքերից հետո, երբ հասարակությունը պառակտված էր: Եվ այդ շրջանում նա որոշակի ջանքեր է գործադրել երկրի տնտեսական աճն ապահովելու ուղղությամբ»,- նշել է պատգամավորը:

Միեւնույն ժամանակ, հավելել է նա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով վստահում է վարչապետին: «Ինչպես շատ վարչապետներ, Տիգրան Սարգսյանը եւս կախում ունի մեկ մարդուց` նախագահից: Այդպես է եղել Երրորդ հանրապետության բոլոր վարչապետների պարագայում` բացառությամբ Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի: Ամեն դեպքում,   Տիգրան Սարգսյանի հանդեպ մեծ վստահություն է դրսեւորվում տնտեսական քաղաքականության հարցում, ինչպես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի դեպքում էր: Այժմ դրան ավելացել է վարչապետի վրա քաղաքական գործառույթներ դնելու ձգտումը: Հնարավոր է, դա ՀՀԿ-ի իմիջի թարմացման եւ փոփոխման համար է արվում»,- նշել է Վ. Դալլաքյանը: