5-ամյա Նարեկ Դանիելյանի հայրը, ում որդուն վիրահատել էին մեկ այլ երեխայի փոխարեն, չի պատրաստվում բողոքարկել այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը:
«Ես դատավոր չեմ, որ նրանց դատեմ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկի հայրը` Արկադի Դանիելյանը:
Նշենք, որ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործն օրերս կարճվել է` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ (Քր.դատ.օր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):
Քրեական գործը հարուցվել էր Քր.օր.-ի 130 հոդվածի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով:
«Պատկերացրեք ձեզ իմ փոխարեն։ Դուք ծնող եք, որի երեխան հրաշքով է փրկվել ու գործը կարճում են։ Դուք այդ որոշումը արդարացի կգնահատեի՞ք։ Դա նույնն է, որ մենք լավ բժշկություն ունենք եւ վատ դատախազություն։ Բայց ավաղ ես դատավոր չեմ, որ նրանց դատեմ»,- արձագանքեց Արկադի Դանելյանը։
Նրանից նաեւ տեղեկացանք, որ Նարեկ Դանիելյանի առողջական վիճակը հիմա լավ է։
NEWS.am-ը փորձեց լսել նաեւ բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի տեսակետը, սակայն վերջինս բացակայում էր Հայաստանից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 3-ին բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անփութության պատճառով 7 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատության էր ենթարկվել պլանային հետազոտության եկած 5-ամյա Նարեկ Դանիելյանը։ 2008թ.-ին Նարեկը թոքերի ծանր վիրահատություն էր տարել, եւ ծնողները նրան պարբերաբար բերել են կենտրոն՝ ռենտգենյան ճառագայթներով նկարահանման եւ հետազոտության:



























