Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը բոլորին կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու գործով մեկնաբանություններ անելուց: Այս մասին նա հայտարարել է այսօր` նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, այդ գործով հնչող մեկնաբանությունները ծայրահեղ տհաճ են, քանի որ ներկայումս անհայտ են տեղի ունեցածի մանրամասներն ու պատճառները եւ չկա ապացույց, որ իրավիճակը հենց այդպես է զարգացել, ինչպես պնդում է Սիլվա Համբարձումյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Սուրեն Խաչատրյանը պատասխան հայցով հանդես չի եկել եւ չի մեղադրել Ս. Համբարձումյանին անհիմն մեղադրանքների համար, Ավետիսյանը պատասխանել է. «Գործը նոր է հարուցվել, եթե դատարանում ապացուցվի այդ մեղադրանքների անհիմն լինելը, պատասխան հայցն անհապաղ կլինի»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե ինչու նախագահի աշխատակազմի աշխատակցին հարվածելու համար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին առանց դատարանի որոշման ստիպեցին հրաժարական տալ, իսկ հիմա հանրապետականները մեկնաբանությունների համար պահանջում են դատարանի որոշումը: Ի պատասխան, ՀՀԿ-կան պատգամավորն ասել է, որ այդ երկու դեպքերի մեջ մեծ տարբերություն կա: «Մի դեպքում կար իրական տեղեկատվություն, մյուս դեպքում, կողմերից մեկը հերքում է իր մասնակցությունը, իսկ մյուսը` հրաժարվում է դատական բժշկական փորձաքննությունից: Այսինքն իրավիճակը միանշանակ չէ»,- ասել է Ավետիսյանը:
Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե ինչու մի դեպքում «զոհի» խոսքն ընդունվում է որպես իրականություն, մյուս դեպքում` ով: Սուքիաս Ավետիսյանն էլ նշել է, որ իրեն դատավոր չի համարում, իսկ եթե կա հստակ տեղեկատվություն, այլ պետք է տալ քննչական մարմիններին:



























