Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտին այսօր` նոյեմբերի 16-ին, կառավարություն է ձեւավորել, հաղորդում է Reuters-ը:
Ինքը` Մարիո Մոնտին կառավարությունում երկու պաշտոն կզբաղեցնի` վարչապետի եւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի: Տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Կորադո Պասերան: ԱՄՆ-ում Իտալիայի դեսպան Տերցի դա Սանտագատան նշանակվել է ԱԳ նախարար, պաշտպանության նախարար է դարձել ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջամպաոլո դի Պաոլան: Կառավարությունում կա նաեւ կին. դա Աննա-Մարիա Կանչելյերին է, ով կզբաղեցնի ՆԳ նախարարի պաշտոնը: Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կին կզբաղեցնի:
Նոր կառավարության առջեւ բարդ խնդիր է դրված` երկիրը դուրս բերել ծանր ֆինանսական ճգնաժամից: Իտալիան շատ մեծ արտաքին պարտք ունի` ցածր տնտեսական աճի պայմաններում:
Հիշեցնենք, որ Մարիո Մոնտին, նոյեմբերի 13-ին, վարչապետի պաշտոնում փոխարինել է Սիլվիո Բեռլուսկոնիին, երբ վերջինս հրաժարակն տվեց:
Այսօր երեկոյան, Մոնտին եւ նախարարները խորհրդարանում պետք է երդվեն: Նոր կառավարությունը դեռ պետք է ստանա խորհրդարանի վստահության քվեն:




























