Արաբական երկրների լիգայի պահանջը` Սիրիայում բռնության դադարեցման վերաբերյալ, պետք է վերաբերվի ոչ միայն իշխանությանը, այլեւ` ընդդիմությանը: Այսպիսին է Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշումը, որ արտահայտել է Սերգեյ Լավրովը իր հնդիկ գործընկեր Սոմանահալլի Մալայա Կրիշնայի հետ հանդիպմանը:

Նա հայտարարել է, թե զինված բախումները սադրվում են ոչ միայն կառավարական զորքերը, այլեւ ապստամբները, որոնք զենք են ստանում հարեւան երկրներից մաքսանենգ եղանակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Լավրովի, Սիրիայում տեղի ունեցողն այժմ ավելի նման է քաղաքացիական պատերազմի: Որպեսզի արաբական նախաձեռնությունը հաջողությամբ իրականացվի, ոչ միայն Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) անդամները, այլեւ բոլոր պետությունները, ում հետ աշխատում է սիրիական ընդդիմությունը, պետք է խաղաղ բանակցությունների կոչ անեն:

Նա նշել է, թե Մոսկվան աջակցում է ԱԵԼ-ի նախաձեռնությունը` Սիրիա ուղարկել դիտորդների առաքելություն:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Արաբական պետությունների լիգան Սիրիային եռօրյա վերջնագիր է ներկայացրել բռնությունների դադարեցման համար` սպառնալով տնտեսական պատժամիջոցներով: