Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության համար տարբերություն չկա, թե կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ միեւնույն է նա ՀՀԿ-ից է լինելու: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ի պատասխան հարցի, թե իրենք ում կցանկանային տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում:

«Մեզ համար բոլորն էլ հանրապետականներ են: Դա դարձել է շատ բարձր կատեգորիա, որը թելադրում է բոլոր մյուս հարցերը: Մարդկային առումով, այդ նույն թիմում մենք կարող ենք նշել շատերին, որոնց հետ կարող ենք կատակել, մասնակցել այցելությունների, վիճաբանել: Բայց այս դեպքում, երբ կուսակցական պատկանելիությունը թելադրում է ամեն ինչ, նույնիսկ եթե խոսնակ նշանակեն մեկին, ում մենք համակրում ենք, միեւնույն է, ոչինչ չի փոխվի»,-նշել է Սաֆարյանը:

Պատգամավորը նաեւ նշել է, որ ԱԺ նախագահի հրաժարականի նպատակն այն է, որպեսզի խորհրդարանական ընտրություններից առաջ, վերջին ամիսներին ԱԺ-ն ոչ մի կերպ չխոչընդոտի Կառավարության գործունեությանը:

«Ամենայն հավանականությամբ, ներսում լուրջ քննարկումներ են եղել այն մասին, որ Կառավարության գործունեությանը խանգարում է խորհրդարանը»,-ամփոփել է Սաֆարյանը: