Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը միասնական տնտեսական տարածքի մասին համաձայնագրի փաստաթղթերի փաթեթ են ստորագրել: Ստորագրման արարողությունը կայացել է Մոսկվայում, հայտնում է РБК-ն:

Ստորագրվել են Եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիրը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պայմանագիրը: Փաստացիորեն, նախանշվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման փուլային ծրագիրը, որը պետք է դառնա երեք հանրապետությունների տնտեսությունների ինտեգրման հաջորդ փուլը` Մաքսային միությունից եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը  վերազգային մարմին է, այն կսկսի գործել 2012թ. հունվարի 1-ից, Միասնական տնտեսական տարածքի հետ միաժամանակ: Միասնական տնտեսական տարածքը ենթադրում է երեք երկրների տարածքում ապրանքների, աշխատուժի եւ կապիտալի ազատ շրջանառություն:

Միասնական տնտեսական տարածքի  առաջին հռչակագրերը ստորագրվել էին 2003 թվականին, այն ժամանակ Ուկրաինան եւս մտադրվել էր ընդգրկվել: Բայց «նարնջագույն հեղափոխությունը» ծրագրում միայն երեք մասնակիցների թողեց:

Միասնական տնտեսական տարածքում միավորվելը մի շարք դրական տնտեսական պահեր ունի. դրա մասնակիցները ընդլայնում են սպառման շուկաները, ազատականացնում են իրենց շուկաները, ինչպես նաեւ կարող են անցում կատարել ԵՄ չափանիշներին առավելագույնս մոտեցված միասնական չափանիշների:

Համաձայն աղբյուրի` Միասնական տնտեսական տարածքի տնտեսությունը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 2,6% -ը եւ համաշխարհային արտահանման 4%-ը , դրա անդամ երկրների տարածքում է գտնվում աշխարհում նավթի ապացուցված պաշարների 9%-ը եւ բնական գազի պաշարների 25%-ը: