Թուրքիայի վարչապետ Էրդողանը ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Աթեշյանին եւ լսել հայկական համայնքին հուզող խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Ստամբուլի իր վարչապետական գրասենյակում ընդունել է Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանին, Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուին եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչների:

Արք. Աթեշյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Էրդողանին` հայ համայնքին վերաբերող հարցերը լուծելու համար եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս այդպես կլինի: Արք. Աթեշյանը հայտնել է, որ հայ համայնքից վերցված որոշ տարածքներ արդեն վերադարձվել են, իսկ մնացածի հետ կապված ընթանում են աշխատանքներ:

Թուրքիայի վարչապետը հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարք Մութաֆյանի առողջական վիճակով, սակայն արք. Աթեշյանը դրական լուրեր չի հայտնել պատրիարքի վերաբերյալ: Աթեշյանը նաեւ հայտնել է, որ համապատրիարք ընտրելու հետ կապված դիմումը հանձնված է իշխանություններին:

Վարչապետ Էրդողանը հայտնել է իր գոհունակությունը՝ այցելության համար, նշել է, որ ծանոթ է Թուրքիայի հայ համայնքին եւ տեղյակ է համայնքի հոգսերին: Էրդողանը խոստացել է, որպես կառավարության առաջին անձ, լսել խնդիրների մասին եւ լուծման համար ճանապարհներ գտնել եւ հավատացրել է, թե բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն:

Հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետ Էրդողանը ասալ է, որ ցանկանում է այցելել հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ օրակարգում է եղել նաեւ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների խնդիրները: Արք. Աթեշյանը Թուրքիայի վարչապետին խնդրել է աջակցել, որ անօրինական ապրող հայաստանցիների երեխաներին թույլատրվի հաճախել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներ` նշելով, որ դպրոց չգնացող երեխաները վտանգավոր են հասարակության համար: Էրդողանը խոստացել է այս հարցով նույնպես հետաքրքրվել:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետը, ներքին գործերի նախարարը եւ նախագահը՝ Թուրքիայում անօրինական ապրող հայերի թվաքանակի հետ կապված նշել են 50-70 հազարը։ Սակայն կան տեղեկություններ, որ այս թվերը խիստ ուռճացված են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայում ապրող անօրինական հայերի գործոնը՝ թուրք պաշտոնյաները օգտագործում են, որպես հաղթաթուղթ՝ նշելով իրենց «բարի կամքը», որ թույլատրում են հայերին ապօրինի կերպով աշխատել եւ ապրել Թուրքիայում։