Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները դիմել են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի կոմիտեին, «Բժշկներն առանց սահմանների» կազմակերպությանը` բողոքելով, որ Տիմոշենկոն երկու շաբաթ է անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում հետախուզական մեկուսարանում, եւ խնդրել են միջամտել իրավիճակին: Այս մասին ուրբաթ օրվա մամլո ասուլիսում հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը:
Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասովը Ուկրաինայի խորհրդարանի կառավարական ժամի ընթացքում պատմել է, որ Տիմոշենկոն ողնաշարի հատվածում սուր ցավեր ունի եւ չի կարողանում ինքնուրույն քայլել: Չնայած փաստաբանների` նրան հիվանդանոց տեղափոխելու միջնորդությանը, Տիմոշենկոյին շարունակում են պահել մեկուսարանում: Միեւնույն ժամանակ, հարկային ոստիկանության քննիչները շարունակում են ամենօրյա հետաքննական միջոցառումները, որոնք մի քանի ժամ են տեւում:
Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Անիշչենկոն խորհրդարանին հայտնել է, որ բժշկական հանձնաժողովը խորհուրդ է տվել Տիմոշենկոյին մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա եւ ռենտգեն հետազոտություն անցնել, բայց դրա համար անհրաժեշտ է բողոքարկիչ դատարանի որոշումը: Ամեն դեպքում, բանտում Տիմոշենկոյի նկատմամբ հետաքննական գործողություններ անցկացնելու հակացուցում չկա:
Տուրչինովը հայտնել է, որ ողնաշարի ցավերին զուգահեռ, Տիմոշենկոյի մարմնին մեծ այտույցներ են առաջանում, որոնցից մի քանիսը 15 սմ-ի են հասնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն դատապարտվել է «գազային» գործով: Նրան դատապարտել են 7 տարվա ազատազրկման` արգելելով երեք տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել:
Տիմոշենկոյի փաստաբանները խոստանում են բողոքարկել դատավճիռը բողոքարկիչ, վճռաբեկ դատարաններում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:




























