Լոռիի մարզի Գոգարան գյուղի տներից մեկում, նոյեմբերի 14-ին, հրդեհից այրված 4 երեխաներից եւս մեկը մահացել է; Նա 4-ամյա Արման Գասպարյանն է, ով գտնվում էր Ճառագայթաբանության եւ այրվածքների կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթաբանության եւ այրվածքների հանրապետական կենտրոնից:

Նրան հասցրել են վիրահատել` տրախեոստոմիա են արել, որպեսզի երեխան կարողանա շնչել խողովակի օգնությամբ, սակայն երեկ` նոյեմբերի 18-ին, Արմանը, ով միացված էր արհեստական շնչառության ապարատին, մահացել է:

NEWS.am-ին հայտնեցին, որ վիրահատության նպատակը եղել է երեխայի վիճակի թեթեւացումը եւ շնչուղիների այտուցի վերացումը:

Հիշեցնենք, որ հրդեհից հետո 4-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր: Այրվել էր նրա մաշկի 50 տոկոսից ավելին եւ շնչուղիները: Նա ստացել էր 4-րդ կարգի այրվածքներ: Բժիշկների խոսքով, երեխայի կենդանի մնաշու շանսերը նվազագույնն էին:

Նշենք, որ նույն հրդեհից այրվածքներ ստացած 3-ամյա Գոռ Գասպարյանը, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, թերապեւտիկ բուժում է եւ արտաքին մշակումներ է ստանում: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն ծայրահեղ ծանր է, բուժումների հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչ կարող են անել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին հրդեհից այրված 4 երեխաներից մեկը` 3 տարեկան Արեն Գասպարյանը մահացել էր: 4-րդ երեխան 1,5 տարեկան է եղել, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է Գոգարանի գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին, Գոգարան գյուղում այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը: Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ, ովքեր 2 եղբայրների երեխաներ են: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել: