Իռլանդիան և Իսպանիան երեքշաբթի օրը պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը՝ դառնալով առաջին եվրոպական երկրները, որոնք դա արել են մոտ 10 տարվա ընթացքում:
Իռլանդիայի արտգործնախարար Միխաուլ Մարտինը նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո ասել է, որ կառավարության այսօրվա որոշումը թույլ է տալիս լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պաղեստին պետության հետ։
Մարտինը նաև հայտարարել է Իռլանդիայում պաղեստինյան դիվանագիտական առաքելության կարգավիճակը դեսպանատան վերածելու մտադրության մասին՝ պաղեստինյան կողմի համապատասխան խնդրանքից հետո։ Կբարձրացվի նաև Իռլանդիայի դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը։
Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին Դուբլինը, Մադրիդը և Օսլոն հայտարարեցին մայիսի 22-ին։ Նրանց որոշումները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն երեքշաբթի։ Մինչ այժմ Պաղեստինը ճանաչել են ԵՄ ինը երկրներ։ Ութ երկրներ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան այս քայլին գնացին 1988 թվականին՝ նախքան ԵՄ-ին միանալը, իսկ Շվեդիան՝ 2014 թվականին։
Պաղեստինի ազգային վարչակազմը (PNA) ողջունել է Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի որոշումը։ Բացի այդ, նման քայլին աջակցել են մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Քաթարը, որոնք մասնակցում են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը։

Թեմա
Տեղադրություն




























