Երկու լաստանավ վնասվել է մայիսի 30-ի գիշերը Կերչի վրա կատարված գրոհը հետ մղելիս, տեղեկացրել է անեքսիայի ենթարկված Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ լաստանավերը տուժել են խփված հրթիռների բեկորներից։ «Նավաստիների եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան։ Վնասվածքները գնահատելուց հետո լաստանավային անցման աշխատանքը կվերականգնվի»,- գրել է Լուկաշենկոն թելեգրամ-ալիքում։

Կերչի բնակիչները տեղեկացրել են, որ գիշերը քաղաքում լսել են մոտ 20 պայթյուն, գրել է Astra ռուսական թելեգրամ-ալիքը։ «Суспiльне» ուկրաինական հեռուստաալիքը, հղում կատարելով տեղի բնակչին, տեղեկացրել է, որ Կերչում տեղի է ունեցել վեց պայթյուն։ Գրոհի ժամանակ տեղաշարժը Ղրիմի կամրջով դադարեցվել է մոտ մեկ ժամով։

ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները խփել են ուկրաինական ութ ATACMS հրթիռ Ազովի ծովի ջրավազանում, որսացել ութ անօդաչու Սեւ ծովում, Ղրիմի ափերի մոտ։ Բացի այդ, հավաստիացվել է, որ ռուս զինվորականները Սեւ ծովի ջրավազանում ոչնչացրել են երկու ծովային դրոն, որոնք շարժվում էին Ղրիմի ուղղությամբ։

ՌԴ ՊՆ-ում ավելացրել են, որ առավոտյան ժամը 7-ին մոտ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են հինգ անօդաչու Կրասնոդարի երկրամասում։ Տարածաշրջանի իշխանությունները չեն մեկնաբանել հետեւանքները հողի վրա։