Ռուսաստանը հինգշաբթի գիշերը Ուկրաինան գրոհել է 11 Х-101/Х- 555 հրթիռներով, որոնք արձակվել են Ту-95 ռազմավարական ռմբակոծիչներից, եւ 32 Shahed-131/136 հարվածային անօդաչուներով, թիրախներն են եղել ռազմական եւ կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, հայտնել են Ուկրաինայի ՌՕՈւ-ում։
Հաջողվել է խփել յոթ Х-101/Х-555 հրթիռ եւ բոլոր 32 կամիկաձե դրոնները Խմելնիցկի, Դնեպրոպետրովսկի, Չերկասկի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Օդեսայի, Խերսոնի, Կիեւի, Վիննիցայի մարզերում։
Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում։
Արձակվել է նաեւ ութ С-300/С-400 զենիթային կառավարվող հրթիռ Խարկովի մարզում։
ՌԴ ՊՆ-ն իր հերթին առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Ազովի ծովի ջրավազանում խփվել է ութ ATACMS ամերիկյան օպերատիվ-տակտիկական հրթիռ, իսկ Սեւ ծովում, Ղրիմի ափին մոտ՝ ութ անօդաչու եւ երկու անանձնակազմ նավակ։
Ըստ ՊՆ-ի, առավոտյան ժամը 7-ին մոտ ՀՕՊ միջոցները խփել են հինգ դրոն Կրասնոդարի երկրամասում։ Նովոռոսիյսկում հայտարարվել է օդային սպառնալիք։
Գիշերը անեքսիայի ենթարկված Ղրիմի ներկայացուցիչները հայտնել են Կերչի գրոհի մասին։ Նրանց տվյալներով՝ խփված հրթիռների բեկորներից տուժել է երկու լաստանավ՝ ավտոմեքենաների եւ երկաթուղային, «նավաստիների եւ քաղաքացիական անձանց մեջ զոհեր չկան»։



























