Պենտագոնը ստիպված կլինի Ուկրաինային հստակ հրահանգներ ուղարկել ռուսական տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հրահանգները կբացատրեն, թե Ուկրաինայի զինված ուժերը որ թիրախների վրա կկարողանան հարձակվել ԱՄՆ-ի մատակարարած զինատեսակներով։

Պենտագոնն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զինատեսակներով հարվածներ հասցնել ռուսական տարածքին հակամարտկոցային կռվի ժամանակ։ Ամերիկյան պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ռուսաստանի ներսում ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռների կամ հեռահար զենքի կիրառման արգելքի վերաբերյալ մնում է անփոփոխ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico-ն՝ վկայակոչելով չորս անանուն անձանց, այդ թվում՝ ԱՄՆ-ի երկու պաշտոնյաների, Բայդենը գաղտնի թույլտվություն է տվել Ուկրաինայի իշխանություններին՝ ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։ Ենթադրվում է, որ խոսքը Խարկովի մարզին հարող ռուսական շրջանների մասին է։