Հայաստանում փախստականներին կացարաններով ապահովելու ծրագիրն իրականացնելու համար երկրի կառավարությանն անհրաժեշտ է շուրջ 45 մլն դոլար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նա հիշեցրել է, որ ծրագիրը վերաբերում է 1175 ընտանիքների: Նրա խոսքով, փախստականների բնակարաններով ապահովելու հարցը կարելի է լուծել երկու եղանակով. Շենքեր կառուցելով կամ սերտիֆիկատներ բաժանելով: «Մենք լինելով պետական մարմին, մեր բյուջետային հայտերում ներկայացնում ենք 4 մլրդ դրամի հայտ: Բայց մենք չենք որոշում, թե որքան միջոցներ հատկացվեն: Հույս ունենք, որ հաջորդ տարվա բյուջեում ինչ-որ գումար կլինի»,-նշել է Գագիկ Եգանյանը:

Հարցին, թե ինչ ժամկետներում կարելի է լուծել այս խնդիրը, Գ. Եգանյանը պատասխանել է. «Եթե տրամադրվեն մեր առաջարկած գումարները, այսինքն 4 մլրդ դրամը, խնդիրը կլուծվի 3 տարում»: