Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ նա ժամանակավոր մեկուսարանից դուրս հետազոտության ու բուժման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Նինա Կարպաչեւան այն բանից հետո, երբ առանց զգուշացման այցելել է ժամանակավոր մեկուսարան, որտեղ գտնվում է Տիմոշենկոն:
Կարպաչեւան հայտնել է, որ ինքն այցելել է Յուլիա Տիմոշենկոյին եւ եւս երկու կանանց: Նրա խոսքով, Տիմոշենկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, նա չի կարողացել վեր կենալ մահճակալից եւ կարիք ունի հետազոտության ու բուժման`մեկուսարանից դուրս, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Բացի այդ, ուկրաինացի օմբուդսմենը հայտարարել է, որ «բացարձակապես անհնար է համարում քննչական գործողությունների իրականացումը ժամանակավոր մեկուսարանի խցում»:
Հիշեցնենք, որ օրերս Տիմոշենկոյի կողմնակիցները դիմել են մի շարք միջազգային կազմակերպություների, այդ թվում Կարմիր խաչի կոմիտեին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը, բողոքելով, որ Տիմոշենկոն վերջին երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնություն չի ստանում քննչական մեկուսարանում եւ խնդրելով միջամտել իրավիճակին:




























