Ֆրանսիայի իշխանությունները չեն պատրաստվում իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա՝ մասնակցելու մարտական գործողություններին, հայտնել է երկրի վարչապետ Գաբրիել Ատալը։

«Նման պլաններ չունենք։ Գիտեք, մենք շատ ենք քննարկել այդ հարցը»,- ասել է նա France 2 հեռուստաալիքի հարցազրույցում։ Նա նշել է, որ Ֆրանսիան երբեք չի ուսուցանել ուկրաինացի զինծառայողներին հենց Ուկրաինայի տարածքում, եւ Փարիզն ապագայում չի բացառում երկիր իր ռազմական հրահանգիչներին ուղարկելու հնարավորությունը։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել էր կոալիցիա ձեւավորել Եվրոպայի երկրներից, որոնք պատրաստ կլինեն Ուկրաինա ուղարկել հրահանգիչներ, գրել է Le Monde-ը։ Պարբերականի տվյալներով՝ այս հարցը կարող է լուծվել «մի քանի շաբաթվա կամ անգամ մի քանի օրվա ընթացքում»։

Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա որեւէ կարգավիճակով։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը արդեն սովորեցնում է ուկրաինացի զինվորականներին Գերմանիայի ռազմակայանում, որտեղ «հազար ուկրաինացի զինվորներ» սովորել են արեւմտյան արտադրության տեխնիկան օգտագործելու հմտությունները։

Գերմանիայում նույնպես հայտնել են, որ զինվորականներ չեն ուղարկի Ուկրաինա։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին։

ՆԱՏՕ-ում նույնպես չեն նախատեսում իրենց ուժերն ուղարկել Ուկրաինա, ավելի վաղ ասել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Սթոլտենբերգը։ «Մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք ավելի ուժեղ շրջանակներ սահմանել Ուկրաինայի երկարատեւ աջակցման եւ երկարաժամկետ ֆինանսական աջակցության համաձայնեցման համար»,- նշել է Սթոլտենբերգը։

Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելու մասին բանավեճը փետրվարի վերջին սկսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հետագայում նա հայտնել է, որ նման սցենար կարող է գործարկվել, եթե ռուսական բանակը ճեղքի ճակատի գիծն ու փորձի զավթել Կիեւը կամ Օդեսան։ Մակրոնը նշել է, որ Ուկրաինայում «հաղթանակի» դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ներխուժել եվրոպական այլ երկրներ։