Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախօրեին հայտարարել էր, որ Գերմանիան մինչև 2029 թվականը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ հավանական պատերազմին։

Ըստ Bild-ի՝ Գերմանիայի կառավարությունն արդեն ներկայացրել է նոր ռազմական ծրագիր՝ «Ընդհանուր պաշտպանության շրջանակային դիրեկտիվ»։ Փաստաթուղթը հստակեցնում է այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն ռազմական գործողությունների ծավալման դեպքում։

Ըստ ծրագրի՝ ՆԱՏՕ-ի զորքերը կտեղակայվեն երկրի ամբողջ տարածքում՝ դեպի արևելյան թև, որտեղ տեղակայվելու են նաև Բունդեսվերի ուժերը։

Բնակչության համար որպես ժամանակավոր բունկերներ կծառայոն նկուղները, ստորգետնյա կայանատեղիներն ու մետրոյի կայարանները։ Քանի դեռ Գերմանիան պաշտպանվում է, Բունդեսթագը չպետք է ցրվի։

Չի բացառվում, որ իշխանությունները կհրամայեն անհապաղ երկրի որոշ շրջաններից տարհանումներ կազամակերպել։ Ընդ որում խստիվ արգելվում է առանձնացնել ընտանիքի անդամներին։ Հիվանդանոցները պետք է պատրաստվեն «երկար ժամանակով մեծ թվով հիվանդների շեշտակի ներհոսքին»։

Պատերազմական իրավիճակում Գերմանիան բախվում է մատակարարման ճգնաժամի, օրինակ՝ բանջարեղենի և մրգերի: Ուստի Սննդի նախարարությունը պետք է ազգաբնակչության համար կանոնավորի ռացիոնալ մթերքների բաշխումը։

Կառավարությունը ցորենը, տարեկանը և վարսակը պետք է թաքցնի գաղտնի վայրերում։ Գործում է նաև արտակարգ մթերում (բրինձ, ընդեղեն)՝ բնակչությանը հատկապես քաղաքային կենտրոններում օրական մեկական տաք կերակուրով ապահովելու համար։

Իշխանությունները ստիպված կլինեն ընկերություններին պարտավորեցնել ապրանքներ արտադրել միայն պաշտպանական կարիքների համար։

Պատերազմի դեպքում կվերականգնվի զորակոչիկների պարտադիր ծառայությունը։ Դա նշանակում է, որ քաղաքացիները ցանկացած պահի կարող են զորակոչվել բանակ։

Զբաղվածության ծառայությունը կարող է պահանջել, որ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացիները աշխատեն որոշակի աշխատատեղերում, օրինակ՝ վիրավորների խնամքի ոլորտում, փոստային բաժանմունքներում, հացի փռերում: