Շատ հստակ է, որ այս գործողությունները տեղի են ունենում ոչ թե ադրբեջանական կողմի հետ բանակցություններով, այլ թելադրանքով, հրամայականով ու հարկադրանքով: Տավուշում տեղի ունեցածը շոշափելի արտահայտությունն էր մնացած բոլոր ոլորտներում տեղի ունենալիք իրադարձությունների: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելու ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը մնա անփոփոխ, ուղղակի անհնար է»:

«Այս մարդիկ խաբելով հասցրել են այստեղ, հիմա սա էլ են խաբելու, փորձելու են ինչ-որ ձևով շրջանցել, անատամ հայտարարություններ անելով, փորձելով ցույց տալ, որ ինչ-որ կերպով արձագանքում են»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ժամ առաջ պետք է իշխանափոխություն լինի:

Նրա խոսքով, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության պայքարը երկու ուղղությամբ է՝ ներքին և արտաքին։

«Մեր ուղերձն է Ալիևին և նրա կողքին գտնվող բոլոր այն շահառուներին, որոնք խնդիր ունեն մեզ հետ․ ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու։ Ցավում եմ, որ իմ պետության իշխանավորների մասին այդպես եմ խոսում, բայց նրանք այլ նկարագիր չունեն, քան ծառա լինելը։ Մեր ամբողջ Շարժման բովանդակությունն ու էությունը Հայաստանի Հանրապետության շահն է և մեր հայկական օրակարգը։ Այն չի՛ կարող լինել որևէ ազդեցության, որևէ թելադրանքի ներքո, որևէ ուղղորդմամբ և թելադրանքով։ Հետևաբար,  մեր կյանքին ու կենսագրությանը նայող առաջին թշնամուն հստակ կերպով մեր պատգամն է՝ ո՛չ դու, ոչ էլ քո գործընկերները, Հեյդարի որդի՝ Իլհամ, որևէ կերպով չեք կարող պարտադրել այն, ինչն ամբողջությամբ հակառակ է մեր կամքին, մեր կենսագրությանը և մեր գոյությանը։ Հայությունն իր խոսքը դեռ ամբողջական իմաստով չի ասել»,- հավելեց Բագրատ Սրբազանը։