Ֆրանսիան մտադիր է մոտ ապագայում ավարտին հասցնել Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու կոալիցիայի ստեղծումը։ Դրա մասին Ելիսեյան պալատում բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ցանկանում ենք կոալիցիա ստեղծել, և մեր մի քանի պարտնյորներ արդեն տվել են իրենց համաձայնությունը»,- ըստ BBC-ի՝ հավելել է Մակրոնը։
Նախօրեին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնը հայտնել էր, որ Կիևն արևմտյան դաշնակիցներին հորդորել է իր զինվորականներին վերապատրաստելու նպատակով ռազմական հրահանգիչներ գործուղել Ուկրաինա։
«Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը 48 ժամ առաջ պաշտոնական նամակով դիմել են բոլոր դաշնակիցներին՝ խնդրելով. «Անհրաժեշտ է, որ դուք արագ պատրաստեք մեզ, և դա անեք Ուկրաինայի տարածքում», - հարցազրույցի ժամանակ ասել է Էմանուել Մակրոնը։





























