Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի (սոպրանո) Հասմիկ Պապյանը բեմական գործունեության 25-ամյակը նշել է Երեւանում «Անուշ» մեներգի կատարմամբ:
«Ես չէի ուզում այս առիթը հանդիսավոր նշել: Բայց նոյեմբերի 16-ին հենց «Անուշ» մեներգը կատարելը ինձ համար շատ խորհրդանշական է», - Նոյեմբերի 22-ին մամլո ասուլիսի ընթացքում նշել է Հասմիկ Պապյանը: Երգչուհին երկար ժամանակ է` ապրում է արտերկրում: Ներկայումս բնակվում է Վիեննայում, երգում է Վիեննայի թատրոնում, ինչպես նաեւ շրջագայում է եվրոպական այլ թատրոններով: «Անուշ» մեներգն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, եւ այն ես կատարել եմ 15 տարի», - ասել է երգչուհին` նշելով, որ ելույթը թույլ է տվել կարոտը առնել:
Միեւնույն ժամանակ երգչուհին համոզմունք է հայտնել, որ, չնայած ամեն ինչին, Երեւանի օպերային թատրոնին հաջողվել է չկորցնել հանդիսատեսին:
«Շատերը մեկնել են, մտավորականությունը հիմնականում տոմսեր գնելու հնարավորություն չունի: Բայց, չնայած դրան, ի զարմանս ինձ, հանդիսատեսը գալիս է ներկայացմանը, նա ավելիին է տենչում», - ընդգծել է Հասմիկ Պապյանը` ասելով, որ Հայաստանը պետք է պահպանի օպերային արվեստի ոլորտում ձեռք բերած հաջողությունները, թեեւ դա թանկ հաճույք է: «Կան լավ սարքավորումներ, կա օպերա լսել ցանկացող սերունդ», - նկատել է Հասմիկ Պապյանը:
Միեւնույն ժամանակ, նա նշել է հայ հանդիսատեսի պահանջկոտության մասին:
«Ֆրանսիացիները, եթե կատարումը չեն հավանում, չեն ծափահարում: Իտալացիները կարող են սուլել: Ամենաքմահաճը գերմանացիներն են, քանզի հենց Գերմանիայում են ամենամեծ թվով օպերային թատրոնները եւ ֆինանսավորումը կատարվում է պետության կողմից», - նշել է Պապյանը: Ինչ վերաբերում է Ալ. Սպենդիարյանի անվան Երեւանի օպերայի եւ բալետի պետական թատրոնի տեխնիկական սարքավորումներին, ապա, ըստ երգչուհու, այն դեռ բավական հետ է խոշոր օպերային թատրոններից: «Բայց Եվրոպայում ավելի վատ սարքավորումներով թատրոններ կան», - նշել է Հասմիկ Պապյանը:
Լրագրողների խնդրանքով նա «Անուշ» մեներգից հատված է երգել:


























