Մենք ասել ենք, որ ԼՂ հարցում մեր պատկերացումների նշաձողը պետք է իջեցնենք. Դա անհրաժեշտ է մեր եւ միջազգային հանրության պատկերացումները համապատասխանեցնելու համար, որովհետեւ մենք չենք կարող կոնսենսուս մինուս մեկ ռեժիմում շարունակաբար ապրել: Այս մասին ն հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում:

Նա կրկնեց, որ իր մեծ ձախողումն է, որ դա չի արել 2018 թվականին:

Փաշինյանը պատմեց, որ ինքը ԼՂ ղեկավարությանը, քաղաքական ուժերին առաջարկել է հանդիպել, որտեղ ինքը կներկայացնի իր պատկերացումները այս խնդրի վերաբերյալ. «Իրենք քննարկել են եւ ուղորկել են երկու հոգու, որոնց հետ խոսակցության արդյունքում ոչ մի վերապահում չեն արտահայտել իմ պատկերացումների վերաբերյալ: Ես պարզ բացատրել եմ՝ ինչ է տեղի ունենում եւ ինչու: Այսօր ընդդիմության հանրահավաքներին մասնակիցներից մեկն էր այդ երկուսից մեկը: Շատ տպավորվել է, որ երբ մենք խոսեցինք, հաջողություն անելու պահին երկու բառ օգտագործեց, մեկը անգլերեն, մյուսը ռուսերեն. «OK, держись»: 

Հետագայում ԼՂ-ն ի հեճուկս այս իրավիճակի, ոչ միայն չի իջեցրել իր պատկերացումների նշաձողը, այլեւ ընդհակառակը, ավելի է կարծրացրել դիրքորոշումը»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ սխլ պատկերացում է, որ ասում են, որ պետք է բանակցություններում պահանջես առավելագույնը, որ ստանաս ընդունելի ինչ-որ բան. «Երբ դու բանակցությունները սկսում ես բարձր նշաձողով, հետագա միակ բանը, որ կարող ես անել, նշաձողն իջեցնելն է, որովհետեւ բարձրացնելու տեղ այլեւս չունես: Սա է տեղի ունեցել մեզ հետ բանակցային գործընթացում: Մենք հանդես ենք եկել ամենաբարձր նշաձողով եւ չենք հասկացել, որ դրանով արձանագրել ենք մեր պարտությունը:

Մենք ամեն ինչ արել ենք, որ ԼՂ կարգվիճակի եւ ինքնորոշման հարցը հասցեագրվի միջազգային պատկերացումներին համապատասխան, բայց Հայաստանի եւ ԼՂ-ի կղերաֆեռոդալական էլիտան արտաքին ազդեցությամբ եւ հանձնարարությամբ ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա: Դրա կուլմինացիան ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելն էր, որ Հայաստանի եւ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան տոնում էր:

Դրանից կարճ ժամանակ անց ԼՂ հայությանը պարտադրվեց բռնագաղթ, եւ Ադրբեջանի կողնից էթնիկ զտումներին աջակցեց այդ կղերաֆեոդալական էլիտան»:

Փաշինյանը հայտարարեց, որ 2023-ի սեպտեմբերին ինքը կողմ չի եղել ԼՂ-ի հայության հեռանալուն, ինքն ասել է, որ դա կնշանակի ԼՂ հարցի փակում. «բայց Հայաստանի եւ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ՀԱՊԿ-ի իրենց  հովանավորների հետ փակեցին ԼՂ հարցը՝ այն հույսով, որ դա իրենց կօգնի փակել նաեւ Հայաստանի հարցը՝ ՀՀ-ում խամաճիկային իշխանություն հաստատելու եւ ՀՀ անկախությանը փաստացի վերջ տալու միջոցով: Չստացվեց ու չի ստացվելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղի իշխանությունը ոչ միայն ինքն է հանձնվել Ադրբեջանին, այլև Հայաստանի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի մլրդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած զինամթերքով հանձնել է Ադրբեջանին։ «Հիմա  եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված լեգիտիմության առաջ դուք անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- հայտարարեց Փաշինյանը։