«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի համարտադրության հարթակի հայտերի ընդունումը մեկնարկել է։ ReA CoReAct՝ համատեղ արտադրության հարթակի շնորհիվ տաղանդավոր ստեղծագործողները կարող են ներկայացնել իրենց նորարարական և հետաքրքիր գաղափարները ու միջազգային պրոդյուսերների հետ հնարավորություն ստանալ կյանքի կոչել ինչպես կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, այնպես էլ հեռուստասերիալներ։ 

ReA CoReAct հարթակը ստեղծվել է «ՌեԱ» փառատոնի MarAni անիմացիոն շուկայի շրջանակում, որը բաղկացած է կրթական և արտադրական բաղադրիչներից։

MarAni-ի տարբեր միջոցառումների շրջանակում հանդիսատեսը հնարավորություն է ունենում լսել ոլորտի լավագույններին, ստանալ նոր գիտելիքներ և ունենալ փորձի փոխանակում։ Իսկ ահա համարտադրության հարթակում հայ ստեղծագործողները միջազգային պրոդյուսերներին ներկայացնում են իրենց նախագծերը և ստանում ինչպես նյութական օժանդակություն, այնպես էլ պոտենցիալ հնարավորություն միջազգային համարտադրություն մեկնարկելու համար։ Մրցույթը բաց է նաև սփյուռքահայ արվեստագետների համար, ովքեր ցանկություն ունեն համագործակցել հայ և միջազգային համարտադրողների հետ:

Մրցույթի գլխավոր մրցանակը 1.000.000 ՀՀ դրամ է, երկրոդ մրցանակը՝ 600.000 ՀՀ դրամ, երրորդ մրցանակը՝ 400. 000 ՀՀ դրամ։ 

Հայտերը բաց են անիմացիոն 2 անվանակարգերում.

 Հեռուստասերիալներ  –  զարգացման բոլոր փուլերը (բացառությամբ` հետարտադրական)

   Կարճամետրաժ ֆիլմեր – առավելագույնը 35 րոպե, զարգացման բոլոր փուլերը (բացառությամբ` հետարտադրական)

Դիմելու վերջնաժամկետ՝ 1 սեպտեմբերի, 2024, ընտրության մասին ծանուցումը՝  30 սեպտեմբերի, 2024թ.

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը, որտեղ ներկայացված են նաև մրցույթի բոլոր մանրամասները, պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ 

ReA CoReAct համատեղ արտադրության նորարարական հարթակը կամուրջ է տեղական և միջազգային ստեղծագործողների, արվեստանոցների, ներդրողների և պրոդյուսերների միջև, որը նպաստում է համագործակցությունների ձևավորմանը, ֆինանսավորմանը և անիմացիոն ֆիլմերի արտադրությանը։ 

ReA CoReAct-ի նպատակն է ստեղծել համագործակցային էկոհամակարգ, որը հզորացնում է ստեղծողներին և բարձրացնում համատեղ արտադրության գործընթացի արդյունավետությունը: Հարթակն իր մեջ ներառում է համարտադրության համապատասխանեցում, փիչինգ հարթակ, հետադարձ կապ և բարելավում, ծրագրի շրջանակում համագործակցության համար նախատեսված տարածք, իրավաբանական և պայմանագրային աջակցություն, ռեսուրսների տրամադրում, կրթական ռեսուրսներ, գործարքի հարթակ, (deal room), համայնքի ստեղծում, Համաշխարհային իրադարձություններ և ցուցադրություններ։ 

Նշենք, որ նախորդ տարի մրցույթում պատվավոր 1-ին տեղը զբաղեցրեց Art Step Studio-ի կողմից ներկայացված Winter in March (Ձմեռը մարտին) նախագիծը, պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ռեժիսոր՝ Նատալյա Միրզոյան։ 2-րդ տեղում Siluete studio (Սիլուետ ստուդիո)-ի The man who played saxophone (Սաքսոֆոն նվագող մարդը) նախագիծն էր, ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, իսկ 3-րդ տեղում անհատ պրոդյուսեր Սիլվա Խնկանոսյանի «Ռանդեվու» (Rendezvous) նախագիծն էր։ OnOff ստուդիայի պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի «Սևանիկ»-ն իր հերթին դարձավ Միջազգային համարտադրության համար պոտենցիալ նախագիծ (A potential project for international co-production)։
Գնահատումն իրականացվել է հետևյալ պրոդյուսերների կողմից՝

• Ժան-Պոլ Կոման - պրոդյուսեր (Ֆրանսիա)
• Գորյուն Ապրիկյան - գրող, ռեժիսոր և ֆրանսիացի հրատարակիչ (Ֆրանսիա)
• Ալեն Գռանժերար Բարաթիան - Պրոդյուսեր Bright Lights Films (Ֆրանսիա)
• Թեոֆիլ Ռոբերտ - Պրոդյուսեր Sacrebleu production (Ֆրանսիա)
• Օլիվյե Քեթրին -պրոդյուսեր (Ֆրանսիա)
• Բարբարա Վունյոն - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա)
• Լուչիանո Լեպինայ - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա)
• Մատյո Լեժուա - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա)
• Յուստե Միխայլինայտեն - պրոդյուսեր, Broom Films (Լիտվա)
• Կեստուտիս Դրազդաուսկաս - պրոդյուսեր, Artbox (Լիտվա)
• Կատերին Էստեվես - պրոդյուսեր, Les Films du Poisson գործադիր տնօրեն (Ֆրանսիա)
• Շառլի Սանսոնետի - պրոդյուսեր

2024 թվականին «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 20-26-ը, Երևանում։