Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու տարածաշրջանային այլ հարցեր են քննարկվել Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի եւ Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության Գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյի՝ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Ղազինյանը բարձր է գնահատել Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում:

Իր հերթին՝ գլխավոր քարտուղար Պինտոն կարեւորել է Հայաստանի հետեւողականությունը եվրոպական կառույցներին ինտեգրման գործընթացում` ընդգծելով Հայաստանի Եվրոպական շարժման դերակատարությունը եվրոպական խնդիրների եւ արժեքների տարածման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ: