Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում հունիսի 12-ին հրդեհից այրվել է 4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին պատկանող տունը: Այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Վարուժան Բադալյանը, պատմում է՝ հիմա գյուղում վարձով են ապրում, ցանկանում են սահմանամերձ գյուղերում տուն կառուցողներին տրվող պետական աջակցությունից օգտվել ու կրկին տուն կառուցել, սակայն փաստաթղթային խնդիրները թույլ չեն տալիս ծրագրին մասնակցել:
«Հունիսի 10-ին կնոջս ու 4 անչափահաս երեխաներիս տարա կողքի գյուղ՝ կնոջս ծնողների տուն, ես էլ Երևան գնացի, որտեղ ավտոլվացման կետում էի աշխատում: Երկու օր անց աղջիկս զանգեց, ասաց, որ հարևաններն ասում են՝ տան տանիքը այրվում է: Մինչև հասա գյուղ, տունն արդեն ամբողջությամբ այրվել էր: Նոր էինք վերանորոգել տունը, գույքից ամեն ինչ ունեինք, հիմա ոչինչ չի մնացել: Այսօր վարձով ենք ապրում Չորաթանում»,-պատմում է նա՝ հավելելով, որ ստիպված է եղել թողնել աշխատանքը և վերադառնալ տուն՝ ընտանիքի կացության խնդիրը լուծելու համար:

Վարուժան Բադալյանը նշում է՝ պատկան մարմիններից հայտնել են՝ հրդեհը բռնկվել էր հոսանքի տատանումների պատճառով: Վարուժանն ասում է. «Մեզ ոչ ոք նման վատություն չէր կարող անել: Միշտ ում, ինչպես կարողացել ենք, օգնել ենք: Հոսանքի տատանման հետևանքով է բռնկվել հրդեհը: Հարևանները տեսել են տանիքից բարձրացող ծուխն ու հրշեջ ծառայություն զանգել»:
Բադալյանների ընտանիքը փորձում է ոտքի կանգնել, կրկին տուն կառուցել ու շարունակել ապրել Չորաթանում, սակայն փաստաթղթային խնդիրները թույլ չեն տալիս մասնակցել սահմանամերձ գյուղերում տուն կառուցողներին տրվող պետական աջակցության ծրագրին:

«5 մլնից ավել վարկ ունեի, տունը ու հողամասը աճուրդի չհանվեց, որովհետև արժեքը չէր բավականացնում: Դատարանը ինձ սնանկ ճանաչեց, այդ պատճառով էլ չեմ կարողանում ծրագրին մասնակցել: Ուզում էի գոնե կնոջս դարձնել տան սեփականատեր, դատարանը թույլ չտվեց: Միակ ցանկությունս այն է, որ ինձ հնարավորություն տրվի մասնակցել ծրագրին, նորից տուն կառուցել: Ինչ եղել, եղել է, փորձում ենք ոտքի կանգնել, նորից տուն կառուցել ու շարունակել ապրել գյուղում. չեմ ուզում, որ երեխաներս վարձով ապրեն»,-պատմում է Վարուժան Բադալյանը:





























