Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի իրավունք ստացած առնվազն 214 թեկնածուներ հանել են իրենց թեկնածությունը։ Ահա թե ինչ են արել երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքի և «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուները գրում Ֆրանսպրես գործակալությունը։
Կենտրոնամետների և ձախերի նպատակն է երկրորդ փուլում չխլել միմյանց ձայները՝ փորձելով կանխել Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» (RN) բացարձակ մեծամասնություն ստանալ երկրի նոր խորհրդարանում։ Բացարձակ մեծամասնությունը կլինի խորհրդարանի 577 մանդատներից առնվազն 289-ը։ Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին, հայտնել է DW-ն։
Առաջին փուլում, որը տեղի ունեցավ հունիսի 30-ին ընտրություններին մեծ մասնակցության պայմաններում, «Ազգային միավորում»-ը և նրա դաշնակիցները հավաքեցին ձայների 33,15 տոկոսը, ձախերը՝ 28 տոկոսը, իսկ Մակրոնի դաշինքը՝ 20 տոկոսը: Ընդ որում, կողմնորոշվել են ընդամենը 76 մանդատ ունեցողները, ովքեր իրենց ընտրատարածքներում ստացել են ձայների ավելի քան 50 տոկոսը (39-ը՝ RN ներկայացուցիչներ)։ Սա նշանակում է, որ երկրորդ փուլը տեղի է ունենալու 501 ընտրատարածքներում, որոնցից 306-ում միանգամից երեք թեկնածու է գրանցվել. գրեթե միշտ դրանք նշված երեք հիմնական ընտրական դաշինքների ներկայացուցիչներ են։
Ուստի և՛ Մակրոնը, և՛ ձախերի առաջնորդները կոչ են արել այս ընտրատարածքներում երրորդ տեղը զբաղեցրած իրենց ընկերներին ինքնաբացարկ հայտնել, որպեսզի «Ազգային միավորում»-ի թեկնածուների առավել հայտնի մրցակիցներն նրանց հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունենան։ «Ի վերջո, ֆրանսիացիները կվճռեն՝ լսելով իրենց խղճին, այլ ոչ թե առաջարկներին,- ասել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։ Սակայն, զուտ մաթեմատիկորեն, RN-ի բացարձակ մեծամասնություն շահելու ռիսկը նվազում է»:
Հուլիսի 2-ի երեկոն վերջնաժամկետն էր, որպեսզի երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուները (այսինքն՝ առաջին փուլում հավաքել էին ձայների առնվազն 12,5 տոկոսը) հանեն իրենց թեկնածությունը։





























