Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Ըստ DKnews.kz-ի՝ երկկողմ բանակցությունների ավարտին կողմերը համատեղ հայտարարություն են տարածել։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ 2023 թվականին Ղազախստանի տնտեսությունում չինական ներդրումների ծավալն աճել է 16%-ով և հասել 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Երկուստեք շահագրգռվածություն կա նաև այս ցուցանիշի բարձրացման հարցում։
«Ներկայում իրականացվում է 45 ծրագիր՝ 14,5 միլիարդ դոլար ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ, չինական կապիտալով ավելի քան 4700 ձեռնարկություն է գործում»,- նշել է Տոկաևը։
Բանակցությունների ընթացքում ընդգծվել է նաև էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արտադրության, ֆինանսների, տրանսպորտի, ավիատիեզերական և ՏՏ ոլորտներում փոխշահավետ ներդրումային ծրագրերի հետագա իրականացման կարևորությունը։
«Պատրաստ ենք բարենպաստ պայմաններ ստեղծել ղազախական շուկան զարգացնել ցանկացող չինական ընկերությունների համար», –շեշտել է Ղազախստանի նախագահը։





























