Իրավապահները ձերբակալել են 14 մունիցիպալ ոստիկանի և Աթենքի քաղաքապետարանի վարչական աշխատակիցների, որոնք մեղադրվում են ռեստորանների, սրճարանների, պանդոկների և բարերի սեփականատերերից գումար շորթելու մեջ։ Հանցագործների անօրինական եկամուտը գերազանցել է տարեկան 700 հազար եվրոն, հայտնում է ieidiseis.gr տեղեկատվական պորտալը՝ Աթենքի քաղաքապետարանին հղումով։
Աղբյուրի տվյալներով, Հունաստանի ոստիկանության հակակոռուպցիոն գործողության շրջանակներում ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ 9 պետական ծառայող։ Նրանցից առգրավվել է 439 140 եվրո, բջջային հեռախոսներ, նոթբուքեր, կոշտ սկավառակներ և այլ իրեր։ Ինչպես պարզել է Հունաստանի անվտանգության ուժերի ներքին գործերի ծառայությունը, ձերբակալվածները գումար են շորթել Աթենքի ռեստորանների, սրճարանների, պանդոկների ու բարերի տերերից՝ ստուգումներ չկատարելու համար։ Եվ անգամ դրանց կատարման դեպքում որոշակի գումարի դիմաց խոստացել են խախտումների համար տուգանքներ չկիրառել։
Հետաքննության տվյալներով, կազմակերպության անդամները տարեկան 6 հազար եվրոյից մինչև 16 հազար եվրո են ստացել ռեստորաններից, սրճարաններից, պանդոկներից և բարերից, իսկ 1,5 հազար եվրո՝ կրպակներից։ Բացահայտվել են նաև ապօրինի գործողությունների կամ անգործության համար մինչև 35 հազար եվրոյի չափով կաշառք ստանալու դեպքեր։ Ստացված գումարն այնուհետեւ բաշխվել է հանցավոր կազմակերպության անդամների միջև։ Քննության արդյունքում բացահայտվել է ապօրինի գործողությունների 47 դեպք։





























