Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նաթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սթարմերը հայտարարել է Լոնդոնի հանձնառության մասին՝ «շարունակել համագործակցությունը Իսրայելի հետ՝ չարամիտ սպառնալիքները զսպելու համար»։ «Վարչապետը [Սթարմերը] հայտարարել է, որ իրավիճակը Իսրայելի հյուսիսային սահմանին [Լիբանանի հետ] խիստ մտահոգիչ է, և որ բոլոր կողմերը պետք է զգուշորեն գործեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ Սթարմերը մատնանշել է «հրադադարի հաստատման, պատանդներին վերադարձնելու և խաղաղ բնակիչներին առաքվող մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու անհրաժեշտությունը»։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի երկու պետությունների սկզբունքի վրա, իսկ Պաղեստինի ազգային իշխանությունը պետք է «ֆինանսական միջոցներ ունենա արդյունավետ կառավարելու համար»։

Աբասի հետ զրույցում Սթարմերը նշել է «բարեփոխումների կարևորությունը և Պաղեստինի համար միջազգային լեգիտիմության ապահովումը»։ «Վարչապետն ասել է, որ իր վաղեմի դիրքորոշումն այն մասին, որ [Պաղեստինի] ճանաչումը կխթանի խաղաղ գործընթացը, չի փոխվել», - ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդման մեջ: