Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը, գրում է The Guardian-ը։ Նախարարների կաբինետի ղեկավարի վկայությամբ, ինքն այդ մասին արդեն հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հեռախոսով և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ իր դիրքորոշումը կհաստատի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կայանալիք գագաթնաժողովում։

Սթարմերը ավելի վաղ ասել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում կկատարի պահպանողականներին տված խոստումը` տարեկան առնվազն 3 միլիարդ ֆունտ (3,8 միլիարդ դոլար) ծախսել Ուկրաինայի  ռազմական օգնության վրա: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ին հասցնելու մտադրության մասին։

Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ հեռախոսով խոսել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ։ «Ես երախտապարտ եմ Քիր Սթարմերին նրա հավաստիացումների համար, որ Միացյալ Թագավորության աջակցությունն Ուկրաինային սկզբունքորեն անփոփոխ կմնա», - ասել է նախագահը։ Զելենսկին հավելել է, որ Կիևը և Լոնդոնը պատրաստվում են ստորագրել 100 տարվա համագործակցության «աննախադեպ» համաձայնագիր։

Տարեսկզբին երկրները տասը տարով անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են կնքել։ Մեծ Բրիտանիան պարտավորվել է Ուկրաինային բազմակողմանի  օգնություն տրամադրել՝ տարածքային ամբողջականությունը  միջազգայնորեն ճանաչված սահմաններում պաշտպանելու և վերականգնելու համար: Լոնդոնը նաև խոստացել է դիմակայել Ռուսաստանի կողմից ցանկացած ռազմական էսկալացիայի  և նոր ագրեսիայի և աջակցել Ուկրաինայի ինտեգրմանը եվրատլանտյան կառույցներին, ներառյալ ՆԱՏՕ-ին։