The New York Post-ը, վկայակոչելով այցելուների գաղտնի գրանցամատյանները, հայտնել է, որ այս տարվա սկզբին ԱՄՆ կառավարության կենտրոնակայան է այցելել Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնի առաջատար նյարդաբան դոկտոր Քևին Քենարդը:
Ըստ փաստաթղթերի՝ բժիշկը հանդիպել է նախագահ Բայդենի անձնական բժիշկ Քևին Օ'Քոնորի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև սրտաբան բժիշկ Ջոն Էթվուդը, գրում է Bild-ը։ Քենարդը Պարկինսոնի հիվանդության մասնագետ է և մոտ 20 տարի աշխատել է Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնում:
Ըստ LinkedIn-ի՝ նա 2012 թվականից Սպիտակ տան բժշկական ստորաբաժանման նյարդաբան է:
Նրա վերջին գիտական հոդվածը (հրատարակվել է 2023 թվականի օգոստոսին «Պարկինսոնիզմ և հարակից խանգարումներ» գիտաբժշկական հանդեսում) կենտրոնացած է Պարկիսոնի հիվանդության «վաղ փուլերի» վրա։
Ըստ կոնգրեսական Ռոննի Ջեքսոնի՝ քանի որ նրա անձնական բժիշկ Քևին Օ'Քոնորը պատասխանատու է Ջո Բայդենի առողջության համար, չի բացառվում, որ հանդիպման ընթացքում խոսակցությունը եղել է նախագահի մասին:
Օ'Քոնորը Բայդենի պաշտոնական բժիշկն է 2021 թվականի հունվարից նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր և ամենօրյա կապի մեջ է նախագահի հետ: Հենց նա էր փետրվարին նրա ամենամյա ֆիզիկական զննման ժամանակ Բայդենին առողջության մասին դրական գնահատական տվել։ Օ'Քոնորը նշել է, որ ֆիզիկական հետազոտությունը ներառում էր Պարկինսոնի հիվանդությունը բացառող նյարդաբանական հետազոտություն:
Կոնգրեսական Ջեքսոնը պնդում է, որ նախագահի անձնական բժիշկը և ընտանիքի անդամները փորձում են թաքցնել նախագահի ճանաչողական կարողություններին առնչվող վատթարացող առողջությունը: Հունիսի 27-ին Բայդենի տապալված հեռուստաբանավեճից հետո Ջեքսոնը հայտարարել է, որ Բայդենն, ըստ ամենայնի, տառապում է «ճանաչողական հիվանդությամբ» և նրան հրաժարական տալու կոչ է արել:
Լոնդոնի համալսարանական քոլեջի տարեցների հոգեբուժության պրոֆեսոր Ռոբ Հաուարդի կարծիքով, նախագահ Բայդենը Պարկինսոնի հիվանդությանը համապատասխանող բազմաթիվ ախտանիշներ ունի: Ըստ Հաուարդի՝ «ուշադրության ֆունկցիայի տատանման, նրա դեմքի արտահայտություններն ու քայլվածքը» վկայում են նրա մասին, որ ԱՄՆ նախագահի առողջության հետ ինչ-որ բան այն չէ:





























