Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում տասը տարի ժամկետով անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։

Համաձայնագրի շրջանակում Լեհաստանը կքննարկի առնվազն մեկ լրացուցիչ ՄիԳ-29 էսկադրիլիա (առնվազն 14 կործանիչ) Ուկրաինային փոխանցելու հարցը։

Փաստաթուղթը նախատեսում է նաև Ուկրաինայի օդային տարածքում Լեհաստանի ուղղությամբ արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսալու հնարավորությունը, պարզաբանում է BBC-ն։

Համաձայնագրում խոսվում է նաև «Ուկրաինական լեգեոնի» ստեղծման մասին, որը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը Լեհաստանում, դրան  կկարողանան միանալ Լեհաստանում ժամանակավորապես բնակվող ուկրաինացիները։

Համաձայնագրում ամրագրված են նաև քաղաքական համագործակցության հարցեր՝ եվրաինտեգրման, ուկրաինական խաղաղության բանաձևի իրականացման, պատժամիջոցների, Ուկրաինայի կորուստների փոխհատուցման և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցերում։

Ռուսական ներխուժման սկզբից Վարշավան Կիևին տրամադրել է ավելի քան 4 միլիարդ եվրոյի տարբեր տեսակի զենքի և զինամթերքի 44 ռազմական փաթեթ։